Էկոկրթություն

Ցանկացած բնապահպանական ծրագրերի արդյունավետ իրականացումը կախված է համայնքի էկոկրթվածության և էկոդաստիարակության մակարդակից: Ծրագրի հիմնաքարն է էկոկրթական ծրագրերի՝ ճամբարների, սեմինարների, վարժանքների, ճանաչողական արշավների կազմակերպումը: Ցանցի մասնակից կազմակերպությունները, կախված իրենց գործունեության ոլորտից, կիրականացնեն երիտասարդների համար կրթական և կարողությունների զարգացման տարաբնույթ ծրագրեր:

 ԷկոԽնձրիստան երիտասարդական վրանային ճամբար

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ ս.թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղի տարածքում կազմակերպել էր «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբար: Ճամբարի նպատակն էր համախմբելով ջանքերը իրագործել բնապահպանական, կրթական և տեղեկատվական արշավ՝ ուղղված Խնձրիստանի և հարակից գյուղական համայնքներում «կանաչ» և առողջ ապրելակերպի, էկոտուրիզմի և համայնքների կայուն զարգացման գաղափարների և «էկոգյուղի» մոդելի ներդրմանը:Ճամբարին մասնակցեցին 60 երիտասարդներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Իրականացվեցին տեսական և գործնական դասընթացներ բնապահպանության, էկոտուրիզմի, առողջ ապրելակերպի, օրգանական սննդի, առաջնորդության և կամավորական աշխատանքի վերաբերյալ: Կազմակերպվեցին արշավներ, խաղեր, մրցույթներ, խմբային վարժանքներ և արշավներ դեպի հարակից պատմամշակութային վայրեր (Կաչաղակաբերդ) և բնության հուշարձաններ: Ճամբարի շրջանակներում կազմակերպվեց հանդիպում ՀՀ և ԼՂՀ մասնակից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին, ծանոթացան ճամբարի առօրյային և մասնակցեցին քննարկմանը հրավիրված հյուրեր ԼՂՀ ԱԺ նախգահ պարոն Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ գյուղտնտեսության նախարար պարոն Անդրանիկ Խաչատրյանը և այլոք:

 Երիտասարդական բնապահպանական ակումբներ

Բնապահպանական կրթությունը զարգացնելու նպատակով արդեն իսկ հիմնադրվել են երիտասարդական բնապահպանական ակումբներ բոլոր երեք էկոգյուղերում: Ակումբների անդամները կկազմակերպեն տարաբնույթ բնապահպանական միջոցառումներ և կնպաստեն գյուղերում երիտասարդական կյանքի ակտիվացմանը: