Մեր մասին

2014թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղում կազմակերպվեց վրանային ճամբար, որի նպատակն էր բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ շահագրգիռ անհատների մասնակցությամբ, քննարկել և առաջարկել Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման գաղափարը, և հիմնել «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման ցանց: «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը համակարգվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ և «Էկոգյուղ» ՀԿ կողմից՝ ներգրավելով Հայաստանի և Արցախի այլ հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի:

«ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնության նպատակը.

Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ԼՂՀ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում էկոգյուղի համար ընդունելի գործունեության զարգացմանը: Էկոգյուղի հիմնական չափանիշներն են՝ էկոկրթության սերմանումը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացումը, աղբի տեսակավորման, վերամշակման և էներգախնայողության խթանումը, էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացումը:Այս նախաձեռնությունը հետագայում կարող է դասական օրինակ ծառայել ինչպե՛ս ԼՂՀ, այնպե՛ս էլ ցանկացած այլ պետության համար էկոգյուղերի ստեղծման գործում:

Էկոգյուղերը համաշխարհային կոնտեքստում

Էկոգյուղերը որպես առողջ ապրելակերպի համար նախատեսված վայրեր առաջացել են Կենտրոնական Եվրոպայում սկսած 1960-ական թթ.։ Համաշխարհային էկոգյուղերի ցանցը, որը միավորում է աշխարհի ցանկացած վայրում ստեղծված էկոգյուղերին, հինադրվել է 1995 թվականին, աջակցելու այն համայնքներին, որոնք պահպանում և վերականգնում են բնության օրգանիկ միջավայրը: Համաշխարհային էկոգյուղերի ցանցը (ՀԷՑ) կայուն համայնքների և նախաձեռնությունների աճող ցանց է, որը միմյանց է կապում տարբեր մայրցամաքների, պետությունների և մշակույթների: Ցանցի անդամների կազմում են այնպիսի մեծ ցանցեր, ինչպիսիք են օրինակ՝ Սարվոդայան (2000 ակտիվ կայուն գյուղեր Շրի-Լանկայում), Դամհուրի Ֆեդերացիան՝ Իտալիայում և Նիմբին՝ Ավստրալիայում, փոքրիկ էկոգյուղերը, ինչպիսիք են՝ Լոս Անջելեսի Էկոգյուղը և Կրիստինան Կոպպենհագենում, կրթականկենտրոնները, ինչպիսիք են՝ Ֆինդոռնը Շոտլանդիայում, Այլընտրանքային Տեխնոլոգիաների Կենտրոնը Ուելսում և այլն: Առհասարակ, վերջին տարիներին էկոգյուղերի ստեղծման համար նորանոր ծրագրեր են մշակվում՝ փորձելով բնությունը պահպանել աուտենտիկ վիճակում: