Բնապահպանական և էկոտուրիզմի դասընթացներ էկոգյուղերում

20150205_125903

Բնության նկատմամբ սերը և այն պահպանելու ձգտումը սահմաններ չի ճանաչում: Երկիր մոլորակը մեր բոլորի տունն է անկախ սեռից, տարիքից, ազգությունից, դիրքից, հայացքներից ու անձնագրի տեսակից, բոլորս պարտավոր ենք հոգ տանել նրա բարեկեցության մասին, պահպանել այն մաքուր ու անվնաս` դրանով իսկ առաջին հերթին հոգ տանելով մեր սեփական առողջության ու բարեկեցության մասին: Ցանկացած երկրում առաջացած բնապահպանական խնդիրներն անպայման ժամանակի ընթացքում ազդում են նաև նրա հարևան, ինչպես նաև ոչ հարևան պետությունների վրա:

Սա էր հենց այն կարևորագույն պատճառներից մեկը, որով «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամի կամավորը՝ ազգությամբ հայ, սակայն Արգենտինայում բնակվող Սիլվա Շուշի Արսլանյանը ոգեշնչվեց գնալ Արցախ և փոխանցել իր բնապահպանական գիտելիքները Ասկերանի շրջանի Պատարա, Աստղաշեն և Խնձրիստան գյուղական համայնքների երիտասարդներին: Հունվարի 31-ից մինչև փետրվարի 21-ը տեղի ունեցած երեք շաբաթյա դասընթացների ընթացքում Սիլվան փոխանցեց անցկացրեց դասընթացներ Արցախի առաջին էկոգյուղերի երիտասարդներին, խրախուսեց ու ոգևորեց նրանց սիրել մայր բնությունը և պահպանել այն, ինչպես նաև ծանոթացրեց երիտասարդներին էկոտուրիզմի գլխավոր ուղղություններին` զուգահեռներ տանելով Արգենտինայի բնապահպանական փորձի և տուրիզմի զարգացման ճյուղերի հետ: Երիտասարդները հատկապես շատ հետաքրքրված էին «Օրգանական և ոչ օրգանական աղբ» թեմայով, քանի որ աղբի խնդիրը այդ երեք գյուղերում գերակա խնդիրներից մեկն է:

Դասընթացները անցկացվեցին ինտերակտիվ մեթոդներով, կազմակերպվեցին խաղեր, և վերջում տրվեցին պրակտիկ առաջադրանքներ` ինչպես գյուղը մաքուր պահել, ինչպես զբոսաշրջիկներին գյուղում ընդունել, և այլն:

«ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման նախաձեռնության թիմը երախտապարտ է Սիլվային անցկացրած դասընթացների համար և հուսով ենք, որ Արցախում անցկացրած ժամանակահատվածը հաճելի և օգտակար է եղել նաև նրա համար: Թիմը շնորհակալություն է հայտնում նաև «Դեպի Հայք» հիմնադրամին, և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (AYDC) ՀԿ – ին համագործակցության համար: