«Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին»

«ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին, որը նշվում է, որպես վերամշակման օր որոշ երկրներում, Green Bean սրճարանում կազմակերպել էր «Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին» խորագրով միջոցառում: Ներկաները նախ ծանոթացան նախաձեռնության աշխատանքային թիմին, նպատակներին, Արցախի Աստղաշեն, Պատարա և Խնձրիստան  գյուղերում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, որոնց արդյունքում դրանք կդառնան էկոգյուղեր: Ապա ցանկացողները հնարավորություն ստացան իրենց մասնակցությունն ունենալու «ԷկոԽնձրիստանի» ծրագրերի աջակցության հարցում` գնումներ կատարելով: Ստացված հասույթը կներդրվի ծրագրին մասնակցող երեք գյուղերի բնակիչներին կտորե տոպրակներ նվիրելու համար, որը կլինի առաջին քայլերից մեկը տեղի բնակիչների շրջանում բնապահպանական մտածելակերպի առաջխաղացման համար:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև նշված համայնքների երեխաների նկարների ցուցահանդես-մրցույթ, այս գյուղերի տարբեր տեսարաններ ներկաացնող ֆոտոցուցահանդես, որը երաժշտությամբ համեմեցին ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը և Վահագ Ռաշը:

Երեկոն նաև լավ առիթ հանդիսացավ նոր կապեր ստեղծելու և հետաքրքրված անհատներին և կազմակերպություններին նախաձեռնության ծրագրերում ներգրավելու համար:

 Շուտով բարեգործական վաճառքի ենթակա իրերը կհրապարակվեն «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որպեսզի նրանք, ովքեր երեկոյին ներկա չէին, կարողանան նաև այդպես իրենց մասն ունենալ այս լայնածավալ նախագծում: