Արցախցի գյուղացին պատրաստ է դիմավորել զբոսաշրջիկներին

_MG_7822

Շարունակվում են Էկո-տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրերն Արցախում: 2015թ. Հունիսի 4-ին տեղի ունեցավ Էկոխնձրիստան էկոգյուղերի ստեղծման նախաձեռնության հանգրվանային միջոցառումներից մեկը` Ստեփանակերտից Գանձասար տանող մայրուղու Աստղաշենի հատվածում բացվեց գյուղական էկո-արտադրանքի վաճառքի տաղավար: Սրանով նախաձեռնությունն ամփոփեց «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Էկոգյուղ» և «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների համագործակցությամբ 2013-15թթ. իրականացրած ծրագրերը: Ծրագրերի թվում էին «ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում», «ԼՂՀ Պատարա և Աստղաշեն համայնքներում գյուղական արտադրանքի բրենդավորում, առաջխաղացում և իրացման կազմակերպում» և «Էկոտոպրակներ ԷկոԽնձրիստանցիներին» նախագծերը, որոնք իրագործվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից տրամադրված դրամաշնորհների և ԼՂՀ կառավարության աջակցությամբ:

Էկո-արտադրանքի վաճառքի տաղավարի բացման արարողության ժամանակ տեղի բնակիչները վաճառում էին ինչպես սնունդ, այնպես էլ կավով ու բնական հանածոներով պատրաստված հուշանվերներ:

Էկոգյուղերի հիմնական և կարևորագույն խնդիրներից մեկն է կենսաբազմազանության պահպանությունը և «կանաչ» ապրելակերպը դարձնել եկամտաբեր և ապահովել եկամուտներ տեղի բնակչության համար: Էկոտուրիզմի զարգացումը այդ նպատակին հասնելու ամենարդյունավետ միջոցներից է: ԼՂՀ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքների տարածքը բարենպաստ է էկոտուրիզմի զարգացման համար: Մեր նախնական գնահատումը ցույց է տվել անտառային գոտու հարուստ կենսաբազմազանության՝ բուսական և կենդանական տեսակային կազմի առկայությունը, որը համադրված է պատմամշակութային ժառանգության բազմաթիվ վայրերի և կոթողների հետ:

Մեր ծրագրերի շրջանակում.

- նախագծվել և ստեղծվել են երթուղիներ էկոտուրիզմի համար, տեղադրվել են տեղեկատվական, ուղեկցող և այլ տիպի ցուցանակներ էկոերթուղիների, տարածքի կենսաբազմազանության և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ:

- գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար ստեղծել են մեկ կրպակ և երկու տաղավար:

- իրականացվել է գյուղատնտեսական արտադրանքի բրենդավորում:

- ստեղծվել է «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի կայքը, որտեղ հայերեն և անգլերեն  ներկայացված է անհրաժեշտ տեղեկատվությունը զբոսաշրջության համար:

- աճել է Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն գյուղերի բնակչության տեղեկացվածության մակարդակը էկոտուրիզմի և բնության պահպանության վերաբերյալ:

Գյուղերի հիմնական խնդիրներից է աշխատատեղերի բացակայությունը և հատկապես երիտասարդության զբաղվածության հարցը: Զբոսաշրջության խթանումը համայնքներում կարող է հանդիսանալ եկամուտի և ապրուստի միջոցների նոր աղբյուր: Զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ տեղի բնակչությունը հնարավորություն կունենան աշխատել որպես ուղեկցորդներ, վարձակալության տալ ձիեր արշավների համար, վաճառել իրենց գյուղական սնունդը, օգտագործել իրենց տները որպես հյուրատուն և այլն:

«ԷկոԽնձրիստան»  էկոգյուղերի ստեղծման նախաձեռնությունը այսպիսով ամփոփում է ևս մեկ փուլ: Որպես հաջորդ փուլի սկիզբ հրավիրում է բոլոր զբոսաշրջային կազմակերպություններին և անհատ ուղեկցորդներին համագործակցության: Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: