Տեսարժան վայրեր

Էկոգյուղ Աստղաշեն

Աստղաշեն էկոգյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում: Գյուղը գտնվում է Ասկերանի շրջկենտրոնից 12 կմ արևմուտք` ծովի մակերևույթից 800 մետր բարձրության վրա։ Տարածքը կազմում է 1595 հեկտար, բնակչությունը` 501 անձ: Աստղաշեն էկոգյուղն իր անվանումը ստացել է աստղաձև հնգանկյուն բրածո ծովաշուշաններից, որոնք մեծ քանակությամբ հանդիպում են գյուղի մերձակայքում առկա նստվածքային ապարների մերկացումներում: Դրանց երկրաբանական հասակը նշվում է մեզոզոյան դարաշրջանի միջին յուրայի ժամանակշրջանով` 161-175 միլիոն տարի առաջ ընկած ժամանակահատվածով, երբ տվյալ տարածքում եղել է մեզոզոյան ծով: Աստղաշենում կարող եք գտնել ծովաշուշանների,  ծովախեցիների, ծովաոզնիների, ուսոտանիների տեսակների և այլ ծովային կենդանիների մնացորդներ անմիջապես Ձեր ոտքերի տակ: Աստղաշենը աշխարհում նման երկրաբանական բրածո պարունակող եզակի տարածքներից մեկն է: Չնայած իր եզակիության` այս վայրում դեռևս շատ լուրջ հետազոտություններ չեն իրականացվել, և գյուղի առեղծվածների մեծ մասը դեռևս մնում է անհայտ: Համայնքի տարածքում են գտնվում «Սուրբ Գևորգ» եկեղեցին, «Ֆռանգյուլաց», «Կապենխաչ», «Չմանենխաչ», «Երե նահատակ» սրբատեղիները։ Գյուղի պատմության հիշարժան պահերից է Խրիմյան Հայրիկի ացելությունը «Սուրբ Գևորգ» եկեղեցի 1898 թվականին: Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Ժան Անդրյանի անվան), մշակույթի տուն, արվեստի դպրոց և բուժկետ:

Էկոգյուղ Պատարա

Պատարա էկոգյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում: Գյուղը գտնվում է Ասկերանի շրջկենտրոնից 19.5 կմ արևմուտք` ծովի մակերևույթից 920 մետր բարձրության վրա։ Գյուղի տարածքը կազմում է 1604 հեկտար, բնակչությունը` 850 անձ: Գյուղի հին անվանումներն են «Պտրեցիք», ապա «Բադարա»: Գյուղի անվան երկու մեկնաբանութուն կա` անվանումը ծագել է «պատեր» բառից, մեկ ուրիշ բացատրությամբ` «պատարագ» բառից: Գյուղի մասին նյութական վկայությունները սկսվում են Ք.ա. 5-րդ դարից։ Միջնադարում Պատարա գյուղը և նրա շրջակայքը խիտ բնակեցված է եղել, որի մասին վկայում են բազմաթիվ գյուղատեղիներն ու եկեղեցիները, վանքերն ու գերեզմանոցները: Պատարա գյուղի շրջակայքում են գտնվում նաև «Կուսանաց-Կենդակ տուն», «Կուսանաց-Մեյդան-Շլորուտ», «Տանձու բաղ» և «Պատարա-Սիպտակ վեղ» տեղավայրերը, որտեղ պահպանվում են պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ: Գյուղի հայտնի պատմական վայրերից են «Օխտը եղցին» (յոթ եկեղեցի), «Ծերա նահատակը», «Օձկան վանքը» «Ամենափրկիչ» եկեղեցին, «Բադարայի բերդը», «Դարպասուտ եղցին», «Խրավանդը» կամ «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցին, «Սուրբ Ստեփանոս» եկեղեցին և այլն: Ներկայումս Պատարա գյուղում և նրա շրջակայքում են գտնվում պատմության և մշակույթի 200 հուշարձանններ: Տարածքում գետային ցանցը բավականին խիտ է: Այստեղ նշանավոր է Պատարա գետն իր Պիծի Պատարա, Խրավանդ և այլ վտակներով, որոնց վրա կան ջրվեժներ և հունի լայնացած տեղամասեր: Պատարան հայտնի է նաև իր բնական հուշարձաններով՝ «Կապեն ծով», «Սալին ծով», «Սև ծով», «Կրըքարեն ծով», «Պուլուր ծով», «Սիրինին ծով», «Շրշռան», «Ձուկնեն վերջ», «Խրավանդ» և այլն:

Էկոգյուղ Խնձրիստան

Խնձրիստան էկոգյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանում: Գյուղը գտնվում է Ասկերանի շրջկենտրոնից 18 կմ հեռավորության վրա ծովի մակերևույթից 910 մետր բարձրության վրա։ Տարածքը կազմում է 1545 հեկտար, բնակչությունը` 814 անձ: Գյուղի նախկին անվանումներն են` Խանզրեստան, Խնձորատուն, Խնձորեստան, Խնձորատուն: Գյուղի անունը տեղացիները բացատրում են բազմաթիվ խնձորուտների առկայությամբ: Խնձրիստանում պահպանվել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցին (ուշ միջնադար), որի գավթում թաղված են Խնձրիստանի մելիքները, «Հանգած եղցի» եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր (XIII – XVII դդ.), գյուղատեղի (XIII դար), «Մեծ քերծ» կաթսայաձև հուշարձանը։ Գյուղի տարածքով է անցնում դեպի «Կաչաղակաբերդ» ամրոցը տանող ամենահայտնի երթուղիներից մեկը: Այստեղ է ծնվել ԼՂՀ հերոս Աշոտ Ղուլյանը («Բեկոր» կամ «Ասկոլկա»): Գյուղի շրջապատն անտառածածկ է և աղբյուրաշատ: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի ու բանջարեղենի մշակմամբ: Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ: Մինչ պատերազմը գյուղում գործել են մետաքսագործության և ձեթարտադրության ֆաբրիկաներ: 2014թ-ից գյուղը դարձել է «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ծննդավայրը։